Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությունը թույլ չի տալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեցող գործարար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին դառնալ պատգամավորի կամ վարչապետի թեկնածու։ Այս մասին ապրիլի 9-ի Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ողջ աշխարհը գիտի, որ նշված անձը չի կարող լինել պատգամավորի կամ վարչապետի թեկնածու։ «Եթե Հայաստանում դեռ մարդ կա, ում համար դա մինչ օրս ակնհայտ չէ, ապա ի՞նչ կարող եմ ասել։ Ես կարող եմ միայն արձանագրել ակնհայտը»,- ասել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորել է Նարեկ Կարապետյանը։ Միևնույն ժամանակ, վարչապետի պաշտոնում առաջադրվել է Սամվել Կարապետյանի թեկնածությունը։ Քաղաքական ուժն ակնկալում է հաղթանակ տանել և փոփոխություններ կատարել Սահմանադրության մեջ։