Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի ավագ Անդրեյ Արշավինը Լոնդոնի «Արսենալի» հիմնական կազմից տեղափոխվել է երկրորդ կազմ, հաղորդում է Metro-ն:

Ռուսաստանցուց բացի երկրորդ կազմ են ուղարկվել նաեւ մարոկացի Մարուան Շամախն ու կորեացի Պակ Չժու Յունը:

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նման քայլի է դիմել, որպեսզի այս ֆուտբոլիստները հասկանան, թե ինչ դեր են ակնկալում նրանցից լոնդոնյան ակումբում: Երեք խաղացողներն էլ հազվադեպ են հայտնվում թիմի մեկնարկային կազմում եւ խաղադաշտ մտնելուց էլ շատ անվստահ ու անհետաքրքիր խաղ են ցուցադրում:

Արշավինը, Շամախն ու Պակը երկրորդ թիմի կազմում կմասնակցեն փետրվար 21-ին կայանալիք «Նորվիչ Սիթիի» հետ հանդիպմանը: Եթե Արշավինը լավ դրսեւորի իրեն՝ հնարավորություն կստանա մասնակցել փետրվարի 26-ին կայանալիք լոնդոնյան դերբիին՝ «Արսենալ» - «Տոտենհեմ»:

Անգլիայի ընթացիկ առաջնությունում Արշավինը 19 հանդիպում է անցկացրել «Արսենալի» կազմում եւ դարձել է մեկ գոլի հեղինակ: