Նոյեմբերի 14 -ին Մոսկվայում անհետացած Դավիթ Արիստակեսյանը մինչ օրս չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Դավիթի եղբայրը` Ջիվանը:
Դավիթի հայրը` Սասուն Արիստակեսյանը նշեց, որ որդու անհետացման փաստով գործ հարուցված է, սակայն որոնումներ չեն իրականացվում: «Փաստացի գործը կա: Սակայն ոչ ոք չի փնտրում»,-ասաց պատանու հայրը:
Ինչպես հաղորդվել էր, 19-ամյա Դավիթ Արիստակեսյանն անհետացել էր նոյեմբերի 14-ի երեկոյան, «Պրոլետարսկայա» մետրոյի կայարանի մոտ: Ենթադրաբար, պատանին պատրաստվում էր գնացքը փոխել եւ նստել դեպի «Կրեստյանսկայա» գնացող գնացքը:Պատանու հարազատները դիմել են ոստիկանություն: Ընտանիքում ոչ մի վեճ չի եղել, Դավիթն ընկերուհի չի ունեցել:
Հարազատները չեն բացառում, որ պատանին սքինհեդների հարձակման զոհ է դարձել:
Դավիթ Արիստակեսյանի արտաքին նշաններն են. բաց մաշկ, կարճ կտրած մազեր, 175-180 սմ հասակ, նիհարավուն: Տղայի հագին եղել է սեւ վերնազգեստ` գլխարկով, երկնագույն շապիկ, կապույտ ջինս, սեւ կոշիկներ:




























