Ճապոնիան իջեցրել է Չինաստանի հետ հարաբերությունների մակարդակը. իր ամենամյա դիվանագիտական «Կապույտ գրքի» զեկույցում Պեկինն այժմ առաջին անգամ հիշատակվում է պարզապես որպես «կարեւոր հարեւան»՝ փոխարինելով նախկին «երկկողմանի ամենակարեւոր հարաբերություն» անվանմանը: Զեկույցը ներկայացրել է արտգործնախարար Տոսիմիցու Մոտեգին կառավարության ապրիլի 10-ի նիստում:
Երկրների միջեւ հարաբերությունները կտրուկ վատթարացել են 2025թ․ վերջին՝ վարչապետ Սանաե Տակաիտիի այն հայտարարությունից հետո, որ Թայվանի շուրջ ռազմական ճգնաժամը կարող է ստիպել Տոկիոյին ուժ կիրառել իր «հավաքական ինքնապաշտպանության իրավունքի» շրջանակում: Չինաստանը սա համարել է սպառնալիք եւ միջամտություն իր ներքին գործերին, պահանջել է հերքել հայտարարությունը, տնտեսական պատժամիջոցներ է կիրառել Ճապոնիայի դեմ, սահմանափակել է շփումները տարբեր մակարդակներում եւ կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ երկիր ճանապարհորդելուց:



























