NEWS.am-ը մասնակի կրճատումներով ներկայացնում է Նիկոլաս Կլեյտոնի հոդվածը` հրապարակված «Postnoon» կայքում:
Հարավային Կովկասում իսրայելցի դիվանագետների դեմ երկու հարձակումների փորձից հետո շատերը վախենում են, որ այս պառակտված եւ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող տարածաշրջանը ներքաշվում է Արեւմուտքի եւ Իրանի միջեւ աճող լարվածության մեջ:
Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը հարաբերություններ ունեն եւ Արեւմուտքի, եւ Իրանի հետ: Հակամարտությունն այդ երկու կողմերի միջեւ կարող է ապակայունացնել տարածաշրջանի փխրուն, բայց ռազմավարական կարեւորություն ունեցող խաղաղությունը:
Ադրբեջան. Իրանական ներխուժման մտավախություն
Ադրբեջանը բնական գազի եւ նավթի հիմնական առաքողներից է Եվրոպա: Ռուսական էներգակիրներից Եվրամիության կախվածությունը նվազեցնելու համար նախատեսված մի քանի խողովակաշարային նախագծերի համար անհրաժեշտ է Վրաստանի տարածքն ու ադրբեջանական ռեսուրսները:
Վրաստանն ու Ադրբեջանը նաեւ առանցքային օղակներ են Աֆղանստանում միջազգային ուժերի մատակարարման հյուսիսային ցանցում: Քանի որ Պակիստանը 2011թ. նոյեմբերին փակեց օդային եւ ցամաքային տարածքը ՆԱՏՕ-ի տարանցման համար, հյուսիսային միջանցքը միակն է դաշինքի համար:
Սպանության նպատակով դավադրության բացահայտումից հետո Ադրբեջանն ու Իրանը մեղադրանքներ են փոխանակում: Թեհրանը բազմից սպառնացել է ներխուժել Ադրբեջան, եթե Բաքուն արեւմտյան երկրներին թույլ տա օգտագործել իր տարածքն Իրանի դեմ:
Վրաստան. երկու կրակի արանքում
Թբիլիսիում կանխված պայթյունի գնահատման հարցում վրացական իշխանությունները զգուշավոր էին, թեեւ Իսրայելի վարչապետն անմիջապես մատնացույց արեց Իրանը:
Վրաստանի ՆԳՆ վերլուծական դեպարտամների ղեկավար Շոթա Ուտիաշվիլին հրապարայնորեն նշեց վնասազերծած ռումբի եւ իրանցի գիտնականի սպանության համար օգտագործած ռումբի նմանությունը: Մյուս բարձրաստիճան պաշտոնյաները նվազեցրին կապի առկայությունը` նկատելով, որ ռումբը դեսպանության ավտոմեքենայում չէր:
Վրաստանը սերտ կապեր է հաստատել Թեհրանի հետ 2008-ի Ռուսաստանի հետ կարճատեւ պատերազմից հետո` Իսլամական Հանրապետության հետ ստորագրելով առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիր եւ ստեղծելով տնտեսական, գիտական ու առեւտրային հարաբերություններ:
Հայաստան. Իրանին մոտ մնալու փորձ
Հանգամանքների փոփոխության դեպքում Հայաստանն ամենախոցելին կլինի: Հայաստանը քաղաքական աջակցություն է ակնկալում Իրանից եւ այդ երկրի տարածքով իրականացնում է արտաքին առեւտրի մոտ 1/3-րդը: Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները փակ են 1990-ականների սկզբից: Ամբողջ առեւտուրն ու էներգաապահովումն իրականացվում է Ռուսաստանի (Վրաստանի տարածքով) եւ Իրանի միջոցով:
Երեւանյան վերլուծաբանները մտավախություն ունեն, որ Իրանի հիմնախնդրի սրացումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը Լեռնային Ղարաբաղի շուրջ:
Ռուսաստանյան գործոն
Ռուսաստանը հայտարարել է, որ այս տարի աննախադեպ լայնածավալ ռազմական վարժանքներ կանցկացնի Հարավային Կովկասում: Կմասնակցեն Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածքներում, Հայաստանում եւ Աբխազիայում տեղակայված զորամիավորումները:
Անցած տարվա ընթացքում ռուսաստանցի պաշտոնյաները բազմիցս զգուշացրել են, որ արտաքին միջամտությունը Սիրիայում եւ Իրանում կհանգեցնի լայնածավալ տարածաշրջանային հակամարտության: Ռուսաստանը Հարավային Կովկասը դիտարկում է որպես բուֆերային գոտի Մերձավոր Արեւելքի դեմ եւ այժմ Մոսկվան վերականգնում է ներկայությունը Հարավային Կովկասում:




























