Polarstern սառցահատը պատահաբար անհայտ կղզի է հայտնաբերել Ուեդելի ծովում՝ Ժուենվիլ կղզու մոտակայքում։ Նավն այնտեղ էր ուղղվել վատ եղանակից պատսպարվելու նպատակով։ Սկզբում անձնակազմը կարծել է, թե դա կեղտոտ այսբերգ է, սակայն մոտիկից զննելիս պարզվել է, որ այն ժայռ է։

Սառցահատը կղզուն մոտեցել է մինչև 150 մետր, իսկ անօդաչու թռչող սարքը թույլ է տվել օդից հետազոտել գտածոն՝ 130 մետր երկարություն, 50 մետր լայնություն և ջրի մակերևույթից մոտ 16 մետր բարձրություն։ Արբանյակային լուսանկարներում կղզին սառցե շերտի պատճառով գրեթե չի տարբերվում լողացող այսբերգներից։ Այդ շրջանը քարտեզների վրա նշված է եղել որպես վտանգավոր գոտի։

Սա տարածաշրջանի միակ վերջին հայտնագործությունը չէ։ Ապրիլի սկզբին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի դաշնային հետազոտական կենտրոնի և Արկտիկայի ու Անտարկտիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները հայտարարել են նոր աշխարհագրական օբյեկտի հայտնաբերման մասին։ Խոսքը Արևմտյան Անտարկտիդայի Բերքս հրվանդանում գտնվող օազիսի մասին է։ Մասնագետներն ուսումնասիրել են նախկինում անհայտ 18 լիճ և պարզել, որ տարածքը շուրջ 2,2 քառակուսի կիլոմետր մակերեսով կայուն ամբողջական գոյացություն է՝ −12°C միջին տարեկան ջերմաստիճանով։ Օազիսում բնակվում են պինգվիններ, փոկեր և անտարկտիկական մրրկահավեր։