Ռուսաստանում Telegram-ի արգելափակման ֆոնին ասիական մեսենջերների լսարանը մարտին կտրուկ աճել է։ «Կոմերսանտը», հղում անելով МТС AdTech-ի տվյալներին, հայտնում է, որ թուրքական BiP-ի օգտատերերի թիվն ավելացել է 105%-ով՝ հասնելով 1,68 միլիոնի։ Կորեական KakaoTalk-ն աճել է 82%-ով (436 հազար օգտատեր), իսկ չինական WeChat-ը՝ 15%-ով (1,15 միլիոն օգտատեր)։
Այնուամենայնիվ, ռեկորդակիր է դարձել Telegram-ի ոչ պաշտոնական հաճախորդը՝ Telega-ն. դրա լսարանն աճել է 160%-ով՝ հասնելով 7,5 միլիոն մարդու։ Այդուհանդերձ, Servicepipe-ի մասնագետների կարծիքով՝ հավելվածը կարող է կորցնել օգտատերերի մինչև 35%-ը։ Դա պայմանավորված է ապրիլի 9-ին App Store-ից հավելվածի հեռացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ Telegram-ն ինքն է սկսել նշումներով առանձնացնել այն պրոֆիլները, որոնք օգտվում են կողմնակի հավելվածներից։
Չնայած արգելափակմանը՝ Telegram-ը պահպանել է իր առաջատար դիրքը. ամսական լսարանը կազմում է 102 միլիոն մարդ։ Ընդ որում՝ առաջին եռամսյակի ընթացքում այն նվազել է ընդամենը 1,5%-ով։




























