Լիբիայի հարավ-արեւելքում թշնամի ցեղախմբերի բախման արդյունքում, տարբեր գնահատականներով, 50-130 մարդ է զոհվել, վիրավորների թիվը հասնում է հարյուրների: Վիճելի տարածքի համար մարտերը մղվում են արդեն շուրջ մեկ շաբաթ:
Փետրվարի 21-ից Քուֆրա քաղաքում դաժան մարտեր են ընթանում Ալ զավիա եւ Տաբու ցեղախմբերի միջեւ:Ականատեսների խոսքով` գործի են դրվել ականանետներ, հրթիռային սարքավորումներ եւ գնդացիրներ: Քաղաքում էլեկտրականությունն անջատված է, չկան անհրաժեշտ բժշկական սարքավորումներ եւ դեղորայք: Բժիշկները վիրավորների մի մասին տարհանում են հյուսիս` Միջերկրական ծովի ափամերձ քաղաքներ: Այնտեղ են փախչում նաեւ խաղաղ բնակիչները:
Ենթադրվում է, որ հակամարտության պատճառներից մեկն է եղել Չադի եւ Սուդանի սահմանային տարածքը վերահսկելու հարցը, իսկ ավելի հստակ` ապօրինի առեւտրի եւ արտագաղթի ուղիների: Բացի դրանից, հակասությունը կարող էր ծագել միջէթնիկական տարաձայնություններից, քանի որ Ալ Զավիան արաբական ցեղ է, իսկ Տաբուն` աֆրիկական, հայտնում է rbc-ն:
Անցումային ազգային խորհրդի նախագահ Մուսթաֆա Աբդել Ջալիլը հայտարարել է, որ ԱԱԽ-ը դեռեւս ի վիճակի չէ ամբողջովին վերահսկել երկիրը: Պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ տարածաշրջան զորքեր են ուղարկվել: Դրա հետ մեկտեղ, ըստ ականատեսների, ժամանած զորքերը կատարվածին չեն խառնվում:




























