2026 թվականի հունվարից ի վեր ԱՄՆ վարչակազմը շուրջ 150 միլիոն բարել վենեսուելական նավթ է վաճառել։ Այս մասին Semafor պարբերականի կազմակերպած համաժողովի ժամանակ հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։

«Եթե խոսենք կլորացված թվերով, ապա հունվարի 3-ից ի վեր վաճառվել է հավանաբար մոտ 150 միլիոն բարել վենեսուելական նավթ։ Հնարավոր է՝ մի փոքր ավելի, բայց պատկերը մոտավորապես այդպիսին է», — նշել է նա։

Հունվարի 3-ին Վաշինգտոնը հայտարարել է Կարակասում իրականացված ռազմական գործողության մասին, որի արդյունքում ամերիկյան զինուժը ձերբակալել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա տիկնոջը։ Հունվարի 5-ին նրանք կանգնել են Նյու Յորք նահանգի Հարավային օկրուգի դաշնային դատարանի առջև։ Նրանց մեղադրում են թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակցություն ունենալու մեջ, սակայն Մադուրոն և նրա կինը չեն ընդունել իրենց մեղքը։ Ներկայում Վենեսուելայի պետության ղեկավարի պարտականությունները կատարում է Դելսի Ռոդրիգեսը, ով Մադուրոյի օրոք զբաղեցրել է գործադիր փոխնախագահի պաշտոնը։ ԱՄՆ վարչակազմը պնդել է, որ ԱՄՆ-ն կարող է իր վրա վերցնել  Վենեսուելայի ժամանակավոր կառավարումը։