Թերթը գրում է, որ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդեն վեց օր է, ինչ ինը հոգանոց պատվիրակությամբ գտնվում է Բրազիլիայում, որտեղ այս օրերին ընթանում  է Ռիո դե Ժանեյրոյի հայտնի դիմակահանդեսը: Պատվիրակությունը Բրազիլիայում կմնա եւս վեց օր: «Ռիոյի կառնավալին, ինչպես հայտնի է, մասնակցում են ոչ միայն կիսամերկ պարուհիներ, այլեւ ամենատարօրինակ եւ էկզոտիկ հանդերձանքով եւ դիմակներով դերասաններ, ակրոբատներ, ծաղրածուներ եւ այլն: Փաստորեն` այս տարի Հայաստանը բավականին պատշաճ մասնակցություն կունենա այդ միջոցառմանը: Ընդ որում` կարծես թե ընտրվել է ամենախնայողական տարբերակը, որովհետեւ Գյումրիի քաղաքապետն իր հանրահայտ կեպիով հաստատ լրացուցիչ հանդերձանքի կարիք չի ունենա:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ովքեր են հոգացել այդ բավականին թանկարժեք ճամփորդության ծախսերը, ապա ճիշտն ասած` դա մեզ առանձնապես չի հետաքրքրում: Գյումրեցիներն առատաձեռն ժողովուրդ են, եւ վստահ ենք` անհրաժեշտության դեպքում հանգանակություն կկազմակերպեն, միայն թե Վարդան Ղուկասյանը հնարավորինս երկար բացակայի քաղաքից»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: