Մոսկվայում ոստիկանները ձերբակալել են Սարանսկի 27-ամյա բնակչուհու, ով կասկածվում է հավատացյալների զգացմունքները վիրավորելու մեջ։ Ինչպես հայտնում է Մոսկվայի ներքին գործերի վարչությունը, միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաքի բարերից մեկում։
Ըստ քննության տվյալների՝ Սրետենսկի բուլվարում գտնվող բարում աղջիկը Զատկի թխվածքը (կուլիչը) օգտագործել է որպես նարգիլեի մաս և տեսանկարահանել այդ ամենը։ Ավելի ուշ տեսանյութը հայտնվել է սոցիալական ցանցերում։ Սոցմեդիայի մոնիթորինգից հետո ծայրահեղականության դեմ պայքարի կենտրոնի աշխատակիցները պարզել են հոլովակի հերոսուհու ինքնությունը։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել հավատացյալների զգացմունքները վիրավորելու հոդվածով։ Ոստիկանությունից նշել են, որ աղջկա գործողությունները կրել են հրապարակային բնույթ և բացահայտ անհարգալից վերաբերմունք են արտահայտել հասարակության նկատմամբ։
Ավելի ուշ նա սոցիալական ցանցերում ներողություն է խնդրել՝ իր արարքը որակելով որպես չմտածված քայլ։





























