Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը ապրիլի 14-ի նախնական նիստի ժամանակ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացրել։

Փաստաբանը նշել է, որ վերագրվող արարքը, որն իբր կատարվել է ինչ-որ մեկին վարկաբեկելու նպատակով, չի կարող որակվել որպես թմրամիջոցների շրջանառություն։ Նրա խոսքով՝ նման արարք պարզապես տեղի չի ունեցել, ինչը հաստատվում է հենց մեղադրական եզրակացությամբ։

Արշակ սրբազանն իր հերթին հայտարարել է, որ ողջ մեղադրանքը հիմնված է «ինչ-որ մեկի զառանցանքների» վրա։ «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ չկան մեղադրանքի ապացույցներ, չկան տուժողներ, չկա կատարող, բայց կա պատվիրատու, որի դերում ես եմ։ Չկա այն մարդը, ով թմրանյութն իբր դրել է պայուսակի մեջ կամ ում հանձնարարվել է դա անել։ Բայց բեմում հայտնվել եմ ես։ Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, բայց գործն ակնհայտորեն քաղաքական է և կառուցված է քաղաքական գործիքակազմի վրա։ Սա կեղծված գործ է», — նշել է արքեպիսկոպոսը՝ հավելելով, որ եթե դատախազությունը բավարար պարկեշտություն դրսևորեր, ապա այս գործն առհասարակ չէր լինի։

Մեղադրող դատախազը առարկել է քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությանը։ Դատարանն ընդունել է մեղադրանքի կողմի փաստարկները և մերժել միջնորդությունը։

Այնուհետև դատախազը հայտարարել է, որ վարչական հսկողության տեսքով ընտրված խափանման միջոցը չի չեզոքացնում «ռիսկերը»՝ հաշվի առնելով բարձրաստիճան հոգևորականին վերագրվող արարքի հանրային վտանգավորությունն ու նրա կողմից վկաների վրա ճնշում գործադրելու կամ ինչ-որ ապացույցներ ոչնչացնելու հավանականությունը։ Այսպիսով, դատախազը պահանջել է կալանավորել արքեպիսկոպոսին։

Փաստաբան Արսեն Բաբայանը նկատել է, որ դատախազին պետք է հայտնի լինի, որ խափանման միջոցը խստացնելու համար անհրաժեշտ են նոր հանգամանքներ, որոնք տվյալ դեպքում չկան։ Փաստաբանն ընդգծել է, որ արքեպիսկոպոսը բավականին տևական ժամանակ ազատության մեջ է, և չկա որևէ հիմք կարծելու, թե դատախազի փաստարկները համապատասխանում են իրականությանը։ Ի պատասխան դատախազի պահանջի՝ Բաբայանը միջնորդել է խափանման միջոցն առհասարակ վերացնելու համար։

Արքեպիսկոպոսը նկատել է, որ նույնիսկ եթե իրեն կալանավորեն, իր հեղինակությունը դրանից չի նվազի։ Արշակ սրբազանն ընդգծել է իրավիճակի աբսուրդայնությունը՝ շեշտելով, որ որևէ հակաիրավական արարք չի կատարել։ Նա հավելել է նաև, որ 2018 թվականին գործը համարվել էր փակված, սակայն հետո քննիչին «տեսիլք է հայտնվել», և գործը վերաբացվել է։ «Ծիծաղելի է սա առհասարակ ինձ հետ կապելը», - եզրափակել է նա։ Լսելով կողմերին՝ դատարանը խափանման միջոցը թողել է անփոփոխ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է հուլիսի 3-ին, ժամը 16:00-ին։ Դատավորը որոշումը պարզաբանել է նրանով, որ իր վարույթում ներկայումս ավելի քան 300 գործ կա։