Երեւանի քաղաքապետարանը գրավոր նախազգուշացում է ուղարկել Երեւանում տրանսպորտային երթուղիները սպասարկող մի շարք ընկերությունների:
Բանն այն է, որ փետրվարի 10-ին տեղացած առատ ձյան պատճառով երթուղիներում ավտոբուսներն ու միկրոավտոբուսները սահմանված քանակից պակաս են եղել եւ երթուղիները պատշաճ չեն սպասարկվել:
Մասնավորապես, խոսքը վերաբերում է հ.հ.3, 12, 16, 17, 22, 28, 32, 38, 40, 43, 86Ա ավտոբուսային եւ հ.հ.53, 55, 61, 84, 91, 110 միկրոավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունները աշխատակազմի տրանսպորտի վարչության եւ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կողմից գրավոր նախազգուշացվել են։
Երեւանի քաղաքապետի կողմից դիտողություն է արվել հ.հ.3, 22, 28, 38, 86 ավտոբուսային երթուղիները սպասարկող կազմակերպությունների ղեկավարներին։
Միաժամանակ բոլոր սպասարկող կազմակերպությունները զգուշացվել են, որ նման դեպքեր կրկնվելու պարագայում նրանց նկատմամբ կձեռնարկվեն ավելի խիստ միջոցներ, ընդհուպ երթուղու սպասարկումից զրկելը։




























