Երեկ՝ ապրիլի 13-ին համացանցից տեղեկացանք, որ ինչ-որ ֆեդերացիա «բողոքի նոտա»  է հղել ընդդեմ Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի։ Հիմնավորման մեջ առնվազն շատ ծիծաղելի ձևակերպում էին օգտագործել բողոքավորները, թե իբր  «ՀԱՕԿ-ը համագործակցության  առաջարկ չի անում ֆեդերացիաներին»:  Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը:

«Նախ տեղեկացնեմ, որ ՀԱՕԿ-ի ֆունկցիաների մեջ չի մտնում ֆեդերացիաներին առաջարկություններ անելը, սակայն, եթե ֆեդերացիաների կողմից արվում են խելամիտ գործակցության առաջարկներ ապա դրանց մշտապես ընթացք է տրվում։ Հետևաբար նման հիմնավորում կարող է անել միայն խիստ անգրագետ, իր  մասին անհիմն մեծ կարծիք ունեցող անձը։ Ես, որպես մոտ 36 տարի Ուշու մարտարվեստը համակարգող, կառավարող և զարգացնող, ինչպես նաև Ուշու մարտարվեստի հիմնադիր ՀՀ-ում, վստահորեն պնդում եմ, որ չի եղել գոնե մեկ դեպք, երբ ես դիմեմ ՀԱՕԿ-ին խնդրանքով, ցանկությունով կամ առաջարկով և չարժանանամ  ուշադրության,  աջակցության։ Հետևաբար նման « բողոքի նոտան» ուղղակի պատվերով համերգ է հիշեցնում ու առավել քան ակնհայտ է, որ ուղղորդված է ներկա իշխանությունների կողմից։  Հաշվի առնելով  վերոշարադրյալը հայտարարում ենք, որ խստագույնս դատապարտում ենք նման կեղծ օրակարգերը։  Ձեռքներդ  հեռու պահեք ՀՀ-ում միակ կայուն զարգացող ոլորտից՝ սպորտից»,- ասվում է  Հայաստանի Ուշու-Գունֆու Ազգային Ֆեդերացիայի  նախագահ Տիգրան Չոբանյանի հայտարարությունում: