Սերբիան Իսրայելի հետ համատեղ մարտական ​​անօդաչու թռչող սարքեր կարտադրի, երեքշաբթի հայտարարել է պոպուլիստ նախագահ Ալեքսանդր Վուչիչը, քանի որ բալկանյան երկիրը ձգտում է ավելացնել իր ռազմական տեխնիկայի և զենքի արտադրությունը, հաղորդում է Tanjug-ը։

Վուչիչը հայտարարել է, թե՝ «մենք կունենանք աշխարհի այս հատվածում լավագույն անօդաչու թռչող սարքերը»։ Նա հավելել է, որ անօդաչու թռչող սարքերն էժան չեն լինի, բայց շատ արդյունավետ կլինեն զրահատեխնիկայի ոչնչացման համար։

Այնուամենայնիվ, Սերբիայի նախագահը չի հստակեցրել ապագա արտադրության մանրամասները։ «Մենք չենք կարողանում անօդաչու թռչող սարքեր սարքել այնպես, ինչպես Իսրայելն է անում,- ասել է նա,- Ես հպարտ եմ դրանով (ծրագրով), մենք դա կանենք միասին, կիսովի, 50/50 հարաբերակցությամբ»։

Սերբիան հայտարարել է, որ «կստանա նորարարություններ և (կուսուցանի) մարդկանց, որոնք կկարողանան դա անել ապագայում»։

Սերբական BIRN լրատվական ծառայության տվյալներով՝ բալկանյան երկրի պետական ​​զենքի արտադրող Yugoimport SDPR-ը Elbit Systems անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան կբացի։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ իսրայելական ընկերությունը կունենա ապագա գործարանի բաժնետոմսերի 51 տոկոսը։ Վուչիչի կառավարությունը ձգտում է հզորացնել իր զինված ուժերը։ Սերբիան 2024 թվականին պատվիրել է ֆրանսիական արտադրության 12 Rafale կործանիչ՝ նավատորմն արդիականացնելու համար։ Բելգրադը նաև ռազմական տեխնիկա է գնել Չինաստանից և Ռուսաստանից, քանի որ սերտ կապեր է պահպանում Պեկինի և Մոսկվայի հետ, հակառակ պաշտոնապես Եվրամիությանն անդամակցելու ձգտմանը։

Սերբիան պարտավորվել է չմիանալ ՆԱՏՕ-ին, որը 1999 թվականին ռմբակոծեց երկիրը՝ Կոսովոյի պատերազմը դադարեցնելու համար՝ անկայուն Բալկանյան տարածաշրջանում տասնամյակներ տևած պատերազմից հետո։