Դոնալդ Թրամփի վարչակազմը իրանական նավթի ծովային փոխադրումների վրա սահմանված 30-օրյա պատժամիջոցների մեղմացումը չի երկարաձգի և թույլ կտա, որ այն լրանա այս շաբաթվա վերջում, երեքշաբթի Reuters-ին հայտնել են վարչակազմի երկու պաշտոնյաներ, քանի որ ԱՄՆ-ը շրջափակում է սահմանել իրանական նավահանգիստներից իրականացվող փոխադրումների վրա։
Այդ քայլը նշանակում է, որ «Ֆինանսների նախարարությունը լիովին իրականացնում է «Էպիկական ցասում» գործողությունն Իրանի նկատմամբ, նշել է պաշտոնյաներից մեկը։
Թրամփի վարչակազմը վաղուց է հայտարարում է, որ Իրանի նկատմամբ «առավելագույն ճնշման» քաղաքականություն է վարում նրա միջուկային ծրագրի և Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին աջակցելու պատճառով, թեև պատժամիջոցների տակ գտնվող իրանական նավթի փոխադրումները շարունակում էին հոսել դեպի Չինաստան։
Ֆինանսների նախարարության մարտի 20-ին տված արտոնությունը հնարավորություն ընձեռեց մոտ 140 միլիոն բարել նավթ մուտք գործել համաշխարհային շուկաներ և նպաստեց Իրանի հետ պատերազմի պայմաններում էներգետիկ մատակարարումների վրա ճնշման մեղմացմանը, անցյալ ամիս հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ Արտոնության ժամկետը լրանում է ապրիլի 19-ին։
Արտոնությունը չերկարաձգելու որոշումն ընդունվել է երկու կուսակցությունների օրենսդիրների քննադատության հետևանք, որոնք մատնանշել են Թեհրանի և Մոսկվայի դեմ պատժամիջոցների ժամանակավոր մեղմացումը՝ Իրանի հետ ամերիկա-իսրայելական պատերազմի, ինչպես նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության պայմաններում։ Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ-ը նաև չի երկարաձգել ռուսական նավթի ծովային փոխադրումների համար նմանատիպ արտոնության ժամկետը, որի ժամկետը լրանում էր շաբաթ օրը։
Վաշինգտոնն ունի մի շարք գործիքներ՝ Իրանի հետ անօրինական գործարքների մեջ ներգրավված կազմակերպությունների վրա ճնշում գործադրելու համար, դրանց թվում՝ նրա նավթի գնման, ներառյալ՝ երկրորդական պատժամիջոցներ կիրառելու հնարավորության վերաբերյալ, նշել է աղբյուրներից մեկը։
«Բացի դրանից, հաշվի առնելով Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերահաստատումը և անօրինական գործունեությունը որպես օրինական քողարկելու նրա գործելաոճը, Թեհրանի հետ ցանկացած փոխազդեցություն կարող է հանգեցնել լրացուցիչ պատժամիջոցների»,- ասել է նա։
Ավելի վաղ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը լրագրողներին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ԱՄՆ-ի կողմից շրջափակումը կխանգարի չինական և այլ նավերի տարանցմանը։
«Այսպիսով, նրանք չեն կարողանա ստանալ իրենց նավթը։ Նրանք կարող են ստանալ նավթ, բայց ոչ իրանական նավթ»,- նշեց Բեսենթը՝ հավելելով, որ Չինաստանը գնել է իրանական նավթի ավելի քան 90%-ը, ինչը կազմում է իր տարեկան ներմուծման մոտ 8%-ը։





























