ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը և Լեյբորիստական կուսակցության ավագ անդամ Ջորջ Ռոբերտսոնը երեքշաբթի քննադատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերին՝ պաշտպանությանը բավարար չափով չֆինանսավորելու համար, ինչը վտանգի է ենթարկում երկրի ազգային անվտանգությունը։
Ջորջ Ռոբերտսոնը, որը, նախքան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելը,1990-ականներին զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնը, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սթարմերի հռետորաբանության և նրա պաշտպանական գործողությունների միջև կա անջրպետ, և որ Սթարմերը «անհրաժեշտ ներդրումները կատարելու պատրաստ չէ»։
Ռոբերտսոնի հայտարարությունների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Սթարմերի մամուլի քարտուղարը լրագրողներին ասել է, որ Դաունինգ սթրիթը լիովին մերժել է այդ բնութագրումը։
«Կարևոր է, որ մենք ճիշտ որոշումներ ընդունենք։ Վարչապետը վճռական է ապահովելու, որ պաշտպանության ներդրումների ծրագիրը համապատասխանի մեր առջև ծառացած սպառնալիքներին»,- ասել է մամուլի քարտուղարը։
Անցյալ շաբաթ Սթարմերը հայտարարել էր, որ Իրանում պատերազմը պետք է շրջադարձային կետ լինի Մեծ Բրիտանիայի համար՝ խոստանալով ամրապնդել տնտեսությունը և զինված ուժերը՝ ավելի «անկայուն և վտանգավոր» աշխարհին դիմակայելու համար։





























