Ռուսական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնում Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ կատարված մահափորձի մասին:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ` երկու թիկնապահները, որոնք մարմնով ծածկել են նախագահին, տեղափոխվել են Գուդաուտա քաղաքի հիվանդանոց, բայց նրանց կյանքը փրկել չի հաջողվել: Աբխազիայի նախագահ Անկվաբը չի տուժել եւ արդեն աշխատանքի վայրում է: «Ինտերֆաքսի» հետ զրույցում նա նշել է, որ չի տուժել, բայց հրաժարվել է իրավիճակը մեկնաբանելուց` ասելով, որ ժամանակ չունի:
Հարձակումը, ճշտված տվյալներով, կատարվել է այս առավոտյան Գուդաուտա քաղաքի շրջակայքում, երբ նախագահի ավտոշարասյունը ուղեւորվել էր Սուխումի: Պայթյունը տեղի է ունեցել ժամը 08:30-ի սահմաններում` Գուդաուտա-Սուխումի ավտոմայրուղում:
Նախագահական ավտոշարասյան ճանապարհին պայթել է կառավարվող պայթուցիկ սարքը. հիմնական հարվածը ստացել է ուղեկցող մեքենան: Պայթյունի տեղում մեծ տրամագծով ճեղք է գոյացել:
Այնուհետեւ ավտոշարասյունը ենթարկվել էր նռնականետների եւ ավտոմատների կրակահերթի: Life News-ի տեղեկություններով` շարասյան կազմում հինգ ավտոմեքենաներ են եղել` երեք Toyoya Land Cruiser, մեկ ՈՒԱԶ Hunter եւ ոստիկանության մեկ մեքենա: Ավտոմեքենաներից մեկն ամբողջությամբ այրվել է: Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ-հետաքննական խմբեր, այնտեղ է նաեւ ներքին գործերի նախարար Օթար Խեցիան եւ գլխավոր դատախազ Սաֆարբեյ Միկանբան:
Նշվում է, որ ավտոշարասյունը գնդակոծելուց հետո հանցագործները հեռացել են դեպի սարեր: Հանրապետությունում չկայացած քիլլերների որոնմանը ներգրավվել են բոլոր ուժային կառույցները: Մասնավորապես, նրանց բռնելու համար գործի են դրվել ռազմական ուղղաթիռները:
Ալեքսանդր Անկվաբի նկատմամբ այսօր կատարված մահափորձն արդեն 5-րդն է: Առաջինն իրականացվել էր 2005 թվականի փետրվարի 28-ին` վարչապետի պաշտոնում նրա նշանակումից երկու օր անց: Եւս մեկ ամիս անց նոր մահափորձ էր կատարվել:
Հարձակման արդյունքում Անկվաբը չէր տուժել: 2007 թվականի հունիսի 20-ին Նոր Աֆոնի մայրուղու մոտ հեռակառավարմամբ ռումբ էր պայթել: Նույն տարվա հուլիսի 9-ին նրա մեքենայի վրա կրակել էին Գուդաուտայից դուրս եկող Փսոու - Սուխումի ավտոմայրուղում: Այն ժամանակ Անկվաբը եւ նրա վարորդը վիրավորվել էին: Անկվաբին սպանելու վերջին փորձն իրականացվել էր անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին: Մահափորձը տեղի էր ունեցել Գուդաուտայի շրջանի Լիհնի գյուղում, որտեղ ապրում է քաղաքական գործիչը: Հարձակման հետեւանքով 2011 թվականի աշնանը հանրապետության բարձրագույն պաշտոնում ընտրված Ալեքսանդր Անկվաբը վիրավորվել էր ոտքից եւ ձեռքից:




























