Ապրիլի 15-ի ցերեկը ուկրաինական անօդաչու սարքերը հարվածել են Բաշկորտոստանի Ստեռլիտամակ քաղաքի արդյունաբերական գոտուն։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Ռադի Հաբիրովը։ «Բեկորներն ընկել են ձեռնարկություններից մեկի տարածքում։ Բոլոր ծառայություններն աշխատում են դեպքի վայրում և փորձում են մարել բռնկված հրդեհը։ Մանրամասները ճշտվում են»,- գրել է Հաբիրովն իր Telegram-ալիքում։ Տեղի բնակիչներն էլ պատմել են մի քանի հզոր պայթյունների և արդյունաբերական գոտուց բարձրացող թանձր սև ծխի մասին, որը տեսանելի է քաղաքի գրեթե բոլոր հատվածներից։

Astra-ի տեղեկություններով՝ հարվածի թիրախում է հայտնվել նաև Ստեռլիտամակի նավթաքիմիական գործարանը (СНХЗ)։ Այն պատկանում է «Ռոսխիմ» հոլդինգին և իր ոլորտում խոշորագույնն է Բաշկորտոստանում։ Գործարանն արտադրում է սինթետիկ կաուչուկ, հակաօքսիդանտներ, ավիացիոն վառելիքի բաղադրիչներ, ինչպես նաև քիմիական տարբեր հավելանյութեր ու կարծրացուցիչներ։ Սա ձեռնարկության վրա ուկրաինական անօդաչուների առաջին հարձակումը չէ. նմանատիպ միջադեպ էր գրանցվել նաև այս տարվա հունվարի սկզբին, իսկ 2025-ի նոյեմբերին հարվածի տակ էր հայտնվել ավիավառելիքի հավելանյութի՝ ագիդոլի արտադրության արտադրամասը։ Ուկրաինայի ռազմական հետախուզությունը պնդում է, որ գործարանի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի զինված ուժերի և ռազմարդյունաբերական համալիրի կարիքների համար։

Անցյալ տարվա կեսերից Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքները, ռազմական գործարաններն ու քիմիական ձեռնարկությունները։ Դրանք կարող են հումք մատակարարել զենքի արտադրության համար։ Ստեռլիտամակի նավթաքիմիական գործարանի վրա այս հարձակումն արդեն հինգերորդն է եղել ամսվա սկզբից ի վեր։