Մերձավոր Արևելքում ճգնաժամի հետնապատկերին Եվրոպան Եվրոպական հանձնաժողովին արդեն խնդրել է հետաձգել Ռուսաստանի էներգետիկ ռեսուրսների լիակատար «անջատման» ծրագրերը: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դրա մասին հայտարարել է Չինաստան կատարած այցի ժամանակ, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը:
Նա զգուշացրել է, որ եթե Եվրոպան հրաժարվի ռուսական նավթից և գազից, կարող է հայտնվել մեկ այլ տերությունից կախվածության մեջ:
Ըստ նրա՝ Միացյալ Նահանգները ցանկանում է Ռուսաստանին զսպելու բեռը դնել Եվրոպայի ուսերին, որպեսզի ազատի իր ձեռքերը չինական ուղղությամբ:
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն բոլոր հնարավորությունները «Արևմուտքի ագրեսիվ արկածախնդրություններից» կախված չլինելու համար:
Նա հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ալյասկայի գագաթնաժողովում ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, «սակայն եվրոպական վերնախավն արգելափակում է Ալյասկայի գագաթնաժողովի պայմանավորվածություններն ու հասկացությունները»:
Լավրովը նշել է, որ Մոսկվան միշտ պատրաստ է Վաշինգտոնի հետ շփումների և Ուկրաինայի հարցով բանակցությունների շարունակման:
Ըստ նրա՝ Ռուսաստանը պնդում է, որ Պակիստանում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվեն: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը նույնպես պատրաստ է դեր խաղալ իրանական հարստացված ուրանի հարցի կարգավործման գործում։
Լավրովը կարծում է, որ ԵՄ-ն փորձում է Սերբիան վերածել Ռուսաստանի դեմ բուֆերային գոտու։
Նա հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի օգնել Կուբային նավթի մատակարարման հարցում։





























