Չինական արտադրության տասնյակ մարդակերպ ռոբոտներ ցուցադրել են իրենց արագ կատարելագործվող մարզական ունակություններն ու ինքնավար տեղաշարժվելու հմտությունները՝ կիրակի օրը Պեկինում կայացած կիսամարաթոնի ժամանակ վազքով անցնելով մարդկանց կողքով։ Սա ընդգծում է ոլորտի թռիչքաձև տեխնիկական առաջընթացը, հայտնում է Սինխուա-ն։
Անցյալ տարվա մեկնարկային մրցավազքն ուղեկցվել էր բազմաթիվ վթարներով, և ռոբոտների մեծ մասը չէր կարողացել հասնել վերջնագծին։ Անցյալ տարվա չեմպիոն ռոբոտը ցույց էր տվել 2 ժամ 40 րոպե արդյունք, ինչը կրկնակի գերազանցում էր սովորական մրցավազքում հաղթած մարդու ժամանակը։
Այս տարի տարբերությունն ապշեցուցիչ էր։ Մասնակից թիմերի թիվը ոչ միայն 20-ից հասել է ավելի քան 100-ի, այլև մի քանի առաջատար ռոբոտներ նկատելիորեն արագ են գտնվել պրոֆեսիոնալ մարզիկներից՝ հաղթող մարդկանցից առաջ անցնելով ավելի քան 10 րոպեով։
Ի տարբերություն նախորդ տարվա, 21 կիլոմետրանոց վազքի ժամանակ ռոբոտ-մասնակիցների գրեթե կեսը բարդ տեղանքով տեղաշարժվել է ինքնավար կերպով, այլ ոչ թե հեռակառավարմամբ։
Ռոբոտներն ու 12 000 տղամարդիկ և կանայք վազել են զուգահեռ ուղիներով՝ բախումներից խուսափելու համար։ Հաղթող ռոբոտը, որը մշակվել է չինական Honor սմարթֆոնների բրենդի կողմից, վազքն ավարտել է 50 րոպե 26 վայրկյանում։ Դա մի քանի րոպեով արագ է կիսամարաթոնի համաշխարհային ռեկորդից, որը սահմանել էր ուգանդացի վազորդ Ջեյքոբ Կիպլիմոն անցյալ ամիս Լիսաբոնում։ Huawei-ի դուստր ձեռնարկություն հանդիսացող Honor-ի թիմերը զբաղեցրել են պատվո հարթակի երեք մրցանակային տեղերը. նրանք բոլորն էլ կառավարվել են ինքնուրույն և ռեկորդային ժամանակ են ցույց տվել։
Հաղթող թիմի ճարտարագետ Դու Սյաոդին ասել է, որ իրենց ռոբոտը մշակվել է մեկ տարվա ընթացքում, հագեցած է 90-95 սմ երկարությամբ ոտքերով, որոնք նմանակում են պրոֆեսիոնալ վազորդներին, և սմարթֆոններում կիրառվող հեղուկային հովացման տեխնոլոգիայով։ Ըստ Դուի, այս ոլորտը դեռևս կայացման փուլում է, սակայն նա վստահ է, որ մարդակերպ ռոբոտներն ի վերջո կփոխեն բազմաթիվ ճյուղեր, այդ թվում՝ մշակող արդյունաբերությունը։