Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը Իսլամաբադում Իրանի հետ բանակցությունների հերթական փուլում՝ նախքան երեքշաբթի երեկոյան կավարտվի հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի երկու պաշտոնյայի։

Բանակցությունները կարող են վերջին պահին համաձայնության հասնելու կամ, առնվազն, հրադադարը երկարաձգելու հնարավորություն տալ, թեև Իրանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը և մտահոգված է, որ այդ ամենը Սպիտակ տան հնարքներն են։

Կիրակի օրը պարբերականի հետ կարճ հեռախոսազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել ենթադրյալ բանակցությունների վերաբերյալ։ «Ես ինձ հիանալի եմ զգում այդ առումով։ Գործարքի հայեցակարգը մշակված է։ Կարծում եմ՝ մենք այն ավարտին հասցնելու շատ լավ շանսեր ունենք»,- ասել է նա։

Ավելի վաղ կիրակի օրը Թրամփը հայտարարել էր, որ իր բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կմեկնեն Պակիստան, սակայն Վենսի մասին չէր հիշատակել։ Մյուս կողմից, իրանցի պաշտոնյաները նվազեցնում են սպասելիքները և, ըստ ամենայնի, կասկածում են, որ գործարքի մասին Թրամփի խոսակցությունները կարող են քողարկում լինել ԱՄՆ-ի անսպասելի հարձակման համար։

Կիրակի կեսօրվա դրությամբ իրանցի պաշտոնյաները չեն հաստատել, որ իրենց բանակցողներին կուղարկեն Իսլամաբադ, իսկ շատերն ենթադրել են, որ Թրամփի իրական մտադրությունը կարող է լինել պատերազմի վերսկսումը։ Իրանի պետական լրատվական գործակալությունը հերքել է բանակցությունների պլանավորված լինելու մասին տեղեկությունը և հայտարարել, որ «Թրամփի վարչակազմի անհիմն ու անիրատեսական պահանջները, դիրքորոշումների հաճախակի փոփոխությունը, մշտական հակասությունները» և շարունակվող շրջափակումը «արդյունավետ բանակցությունների հստակ հեռանկար» չեն թողնում։

Դեռ պարզ չէ, թե կոնկրետ երբ պետք է սկսվեն բանակցությունները և երբ Վենսը կմեկնի Վաշինգտոնից։ Իրանը շաբաթ օրը հարձակվել է մի քանի առևտրային նավերի վրա այն բանից հետո, երբ հայտարարեց Հորմուզի նեղուցը կրկին փակելու մասին։ Դրանից կարճ ժամանակ առաջ Թրամփը վստահություն էր հայտնել խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում։ Իրանական կողմն այս քայլին դիմեց այն բանից հետո, երբ Թրամփը հրաժարվեց հանել Հորմուզի նեղուցի շրջափակումը, և երբ Թեհրանը հայտարարեց, որ ԱՄՆ-ն նոր մաքսիմալիստական դիրքորոշումներ է որդեգրել։ Թրամփը շաբաթ օրը նոր ճգնաժամին ի պատասխան արտահերթ խորհրդակցություն է հրավիրել իրավիճակային կենտրոնում։

Ըստ ամերիկացի պաշտոնյայի, հանդիպման վերջում Թրամփն այնուամենայնիվ ցանկություն է հայտնել փորձել համաձայնության հասնել Իրանի հետ՝ նախքան այլ տարբերակներ դիտարկելը։ Մի քանի օր շարունակ ԱՄՆ-ին և ամբողջ աշխարհին հավաստիացնելուց հետո, թե պատերազմն ավարտված է, Թրամփը շուտով կարող է վերադառնալ էսկալացիայի իր սպառնալիքներին։