Եվրոպայի արագացված ռազմականացմանը զուգահեռ՝ պաշտպանական ոլորտում աճում է հանցավոր սխեմաների թիվը։ Այս մասին Financial Times-ին տված հարցազրույցում հայտնել է Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակի (OLAF) ղեկավար Պետր Կլեմենտը
Նրա խոսքով՝ գրասենյակն ավելի ու ավելի շատ հաղորդումներ է ստանում պաշտպանական ծրագրերում առկա չարաշահումների մասին։ Չարաշահումներն առավել արտահայտիչ են հետազոտությունների և պետական գնումների ոլորտում։ Կլեմենտը նշել է, որ ռազմական ծախսերի ավելացումն ուղղակիորեն հանգեցնում է խարդախության դեպքերի աճի։
Պարբերականի փոխանցմամբ՝ գրասենյակն այժմ հետաքննում է պաշտպանական ծրագրերում ԵՄ բյուջեի հնարավոր մսխման դեպքերը։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է զինամթերքի արտադրության 500 միլիոն եվրո արժողությամբ նախագծերին, 150 միլիարդ եվրո բյուջե ունեցող SAFE ծրագրին և պաշտպանական արդյունաբերության զարգացման EDIP նախաձեռնությանը, որի համար 2025–2027 թվականներին նախատեսված է 1,5 միլիարդ եվրո։
Կլեմենտը հրաժարվել է մանրամասներ հայտնել կոնկրետ հետաքննությունների վերաբերյալ, սակայն նշել է, որ դրանք առնչվում են մրցույթների մանիպուլյացիաներին, գների արհեստական բարձրացմանը, հովանավորչությանը և կոռուպցիային։





























