Հյուսիսային Կորեայի հրթիռաշինության գլխավոր վարչությունը փորձարկել է «Հվասոնպխո-11րա» տեսակի արդիականացված մարտավարական բալիստիկ հրթիռները։ Այս մասին հայտնում է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ)։
Փորձարկումներին ներկա են եղել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը և այլ բարձրաստիճան զինվորականներ։ Արձակված հինգ հրթիռները խոցել են 136 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախները։ Ըստ գործակալության՝ հարվածն իրականացվել է 12,5–13 հեկտար տարածքի վրա և ունեցել է խոցման բարձր ճշգրտություն։ Փորձարկման նպատակը բեկորային-ֆուգասային մարտագլխիկների հնարավորությունների ստուգումն է։





























