Իրավակարգի լեգիտիմության աղբյուրը Սահմանադրությունն է, իսկ Սահմանադրության լեգիտիմությանը՝ ժողովուրդը։ Հայաստանում այս շղթան խզված է, քանի որ հանրաքվեների պաշտոնական արդյունքները զանգվածաբար կասկածի տակ են դրվում, ինչն էլ հանգեցնում է արդարության և վստահության պակասի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը ժողովրդի կամքով նոր Սահմանադրություն ընդունելն է։ Դա թույլ կտա, որ երկրում հաստատված իրավակարգը լիարժեք լեգիտիմություն ստանա։ Նոր մայր օրենքով պետք է ներդրվի երդվյալ ատենակալների համակարգը, ինչը կդառնա ժողովրդի և արդարադատության կապի արտահայտումը։ Բացի այդ, նախատեսվում է շարունակել դատական բարեփոխումներն ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը։ Նա վերահաստատել է, որ նոր Սահմանադրությունն անհրաժեշտություն է, քանի որ պետության ու հասարակության միջև որոշակի լարվածություն կա։ Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ քաղաքացիների մի մասն իրեն մասնակից չի զգում երկրում գործող իրավակարգի ձևավորմանը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ քաղաքացիների մեծ մասը հավանաբար չի ընթերցի Սահմանադրության տեքստը, ուստի այստեղ առաջնային պլան են մղվում քարոզչությունն ու հանրային քննարկումները, որոնց միջոցով մարդիկ կծանոթանան մայր օրենքի բուն բովանդակությանն ու ենթատեքստերին։ Փաշինյանը պարզաբանել է, որ հենց այդ նպատակով է ուղիղ եթերում ընթերցում և մեկնաբանում կուսակցության արդեն իսկ հրապարակված ծրագիրը։





























