Վլադիմիր Վիսոցկու և Միխայիլ Բուլգակովի կենսագրական գրքերը կստանան «թմրամիջոցների քարոզչության» մասին նախազգուշացնող մակնշում։ Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ պատճառը Ռուսաստանում գործող համապատասխան արգելքն է։
Ռուսաստանի գրքի միության կազմած ցանկում ներառվել են Վլադիմիր Նովիկովի «Վիսոցկի. ես նրա առջև արդարանալու բան ունեմ» աշխատությունը և Բուլգակովի մասին երեք հրատարակությունները, այդ թվում՝ Ալեքսեյ Վարլամովի հեղինակած կենսագրությունը։ Ավելի վաղ նույն ցանկում հայտնվել էին նաև Պելևինի, Սթիվեն Քինգի, Չակ Պալանիկի, Հարուկի Մուրակամիի, Ռեմարկի և Ստայնբեքի ստեղծագործությունները։
2026 թվականի մարտի 1-ից Ռուսաստանում գործում են օրենսդրական փոփոխություններ, որոնք արգելում են թմրամիջոցների հիշատակումը ԶԼՄ-ներում, գրքերում, երաժշտության և կինոյի մեջ (առանց հատուկ մակնշման)։ Այն պարտադիր է բոլոր այն ստեղծագործությունների համար, որոնք լույս են տեսել 1990 թվականի օգոստոսի 1-ից հետո։ Տեքստերի ստուգման համար հրատարակչություններին տրամադրվել է արհեստական բանականության վրա հիմնված ծրագիր։ Նեյրոցանցի աշխատանքն արդեն իսկ զավեշտալի դեպքի պատճառ է դարձել. ԱԲ-ն գրող Դենիս Դրագունսկու ազգանունը համարել է «թմրամիջոցների քարոզչություն»՝ դրա մեջ առկա անգլերեն «drug» (դրագ) բառի պատճառով։





























