Այս դահլիճի գաղջ մթնոլորտը ձևավորվում է հենց ՔՊ-ի կողմից. մեր ֆրակցիայի կողմից ոչ մի հարց, ոչ մի ելույթ չկար, Տիգրան Ավինյանը քնավ, հելավ, սկսեց հիշել մեզ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 21–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Երբ մենք բոյկոտի կոչ էինք անում, այստեղից կանգնած մեծաբերան հեգնում էիք, որ չի ստացվել ձեր մոտ բոյկոտը, այսօր հոնգուր-հոնգուր լաց եք լինում, որ մեր խոսքը տեղ է հասնում, այ էդ ձևի կմխկտաք։ Էդ որ ասում եք ավտոբուսները փոխել ենք, էն «Հայգերները» ո՞ր թվից է, բա էն «Գազելները»,–ասաց նա։
Մանուկյանը նկատեց, որ Իսակովի պողոտան փակել էին, ասֆալտ էին անում, բայց երբ անձրև եկավ, այդտեղ լիճ առաջացավ. «Այդ ճանապարհը, որ սարքում էիք, չեք գիտակցո՞ւմ, որ նախ այդտեղ ջրահեռացում պիտի լինի։ Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ լոբի։
Մենակ 630, թե 650 միլիոն դրամ հատկացնում եք այն փողոցների ասֆալտապատմանը, որտեղ մայիսի 4-ին եվրոպացիներն են գալիս։ Հիմա ես այդ եվրոպացիներին գնամ, ասեմ՝ ձեր ջանին ղուրբան, եկեք մի հատ Հաղթանակով, մասիվով ֆռացեք, որ այդ ճամփեքն էլ սարքե՞ն։ Դա նորմալ չի»,– ընդգծեց նա կոչ անելով ՔՊ–ականներին միասին փողոց դուրս գալ ու տեսնել, թե մարդիկ ոնց են ընդունում իրենք, և ոնց են ընդունում ՔՊ–ականներին։
Փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ընդունեց մարտահրավերը. «Եկեք մի օր միասին դուրս գանք»։
Ընդդիմադիր գործիչը շարունակեց. «Հենց հիմա ասում եմ՝ վաղը չէ այն մյուս օրը, ժամը 12-ին, Մալաթիայի Անդրանիկի արձանի մոտ սպասում եմ, մարտահրավերը ընդունված է, Ժամը 12-ին սպասելու եմ, եկեք դուրս գանք, տեսնենք։
Թալանչու, վատ կառավարողի պիտակը ստվերի պես ձեզ հետևելու է, ուր էլ գնաք»։





























