Թեհրանն ու Վաշինգտոնը, ըստ երևույթին, պատրաստ են բանակցությունների հերթական փուլին՝ դադարեցնելու համար ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով սկսված մարտական գործողությունները, գրում է CNN-ը:
Սակայն ամենասուր խնդրահարույց կետերից մի քանիսը մնում են չլուծված, ներառյալ՝ Հորմուզի նեղուցի կարգավիճակը։ Հազարավոր նավաստիներ շարունակում են արգելափակված մնալ այս կենսական նշանակության ջրային ուղու վրա, որով սովորաբար անցնում է նավթի և բնական գազի համաշխարհային մատակարարումների մոտ մեկ հինգերորդը։
Rystad Energy խորհրդատվական ընկերության տվյալներով՝ փետրվարի վերջից նեղուցով նավթի հոսքը դանդաղել է մինչև նվազագույնի և հիմնականում բաղկացած է իրանական բարելներից։ Թեհրանը վճռական է տրամադրված պահպանել որոշակի վերահսկողություն նեղուցի՝ միջազգային ծովային անցման նկատմամբ, որն իրանական իշխանությունները փաստացի արգելափակել են պատերազմի սկզբից ի վեր, ինչը հանգեցրել է ամբողջ աշխարհում էներգակիրների գների աճին։
Վերլուծաբաններից ոմանք այժմ դիտարկում են վերոնշյալ ջրային ուղով նավերի անցման համար վճարների գանձման մշտական համակարգի ներդրման հնարավորությունը, թեև կարևոր վերապահումներով։ Պարզ չէ՝ արդյոք ԱՄՆ-ն կհամաձայնի՞ նման արդյունքի, որը կարող է Իրանին համաշխարհային տնտեսության վրա ազդեցության հսկայական լծակներ ընձեռել։ Ներկա պահին նեղուցով նավերի անցումների քանակը մնում է սահմանափակ՝ մինչև հակամարտության սկիզբը գրանցված օրական ավելի քան 100 անցումների համեմատ։
Ուրբաթից կիրակի ընկած ժամանակահատվածում նեղուցով անցել է 36 նավ, իսկ շաբաթ օրը գրանցվել է մարտի սկզբից ի վեր «ամենաբարձր ցուցանիշը», երկուշաբթի հայտնել է S&P Global Market Intelligence գործակալությունը։
Նավերի թվում եղել են չորս մարդատար նավեր։ Առնվազն 27 իրանական նավ հատել է նեղուցը ապրիլի 13-ից ի վեր, երբ ԱՄՆ-ն շրջափակում էր մտցրել, երեքշաբթի CNN-ին հաստատել է Kpler նավագնացային վերլուծական ընկերությունը։ Այդ ընթացքում CENTCOM-ը նույնքան նավերի հրահանգել է փոխել ընթացքը։ Նեղուցով նավագնացությունը «մնում է խստորեն սահմանափակված», հայտնել է տվյալների մատակարարներից մեկը։
«Այդ խափանումները, հավանաբար, կտևեն առնվազն մինչև մայիսի վերջ, ինչը կհանգեցնի անկայունության էներգետիկ շուկաներում և գների աճի»,- ասվում է CRU Group-ի հայտարարության մեջ, որը հետևում է հումքային ապրանքների գներին և մատակարարմանը։
«Հորմուզով երթևեկության վերականգնման շուրջ համաձայնության չհասնելը զգալի հետևանքներ կունենա համաշխարհային տնտեսության համար»,- հավելել են ընկերությունում։





























