Ռուսաստանը մտադիր է մայիսի 1-ից դադարեցնել «Դրուժբա» խողովակաշարով Ղազախստանից Գերմանիա նավթի արտահանումը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոլորտի երեք աղբյուրի։

Աղբյուրները հայտնել են, որ Ղազախստանին և Գերմանիային է ուղարկվել նավթի արտահանման ճշգրտված ժամանակացույցը։

Ինչպես ընդգծում է գործակալությունը, Ղազախստանից մատակարարումների դադարեցումն ավելի մեծ անորոշություն կավելացնի Գերմանիայի վառելիքի մատակարարումների հարցում, քանի որ Իրանում ընթացող պատերազմը խաթարում է Մերձավոր Արևելքից էներգակիրների մատակարարումը՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով Բեռլինի և Ռուսաստանի բազմամյա էներգետիկ կապերը խզվելուց ընդամենը մի քանի տարի անց:

«Դրուժբա» խողովակաշարով ղազախական նավթի արտահանումը Գերմանիա 2025 թվականին կազմել է 2 միլիոն 146 հազար տոննա (օրական մոտ 43 հազար բարել), ինչը 44%-ով ավելի է, քան 2024-ին, և 730 հազար տոննա՝ 2026 թվականի առաջին եռամսյակում։

Ամբողջական դադարեցումը կհանգեցնի Շվեդտ քաղաքի PCK նավթավերամշակման գործարանի (երկրի խոշորագույններից մեկը) վերամշակած նավթի մոտ 17%-ի կորստին։ Այս գործարանի վառելիքն օգտագործում են Բեռլինի և Բրանդենբուրգի յուրաքանչյուր 10 մեքենայից 9-ը։

Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե իրեն ոչինչ հայտնի չէ արտահանման դադարեցման միջոցառումների մասին։ «Մենք կփորձենք դա ստուգել»,- ասել է Պեսկովը լրագրողներին ամենօրյա հեռախոսազրույցի ընթացքում։

Գերմանիայի հետ Ռուսաստանի քաղաքական և գործարար հարաբերությունները վատթարացել են Ուկրաինայի հակամարտության պատճառով։ 2023 թվականից Ղազախստանը նավթ է մատակարարում «Դրուժբա» խողովակաշարի հյուսիսային ճյուղով, որն անցնում է Լեհաստանով, սակայն մատակարարումները բազմիցս ընդհատվել են խողովակաշարի ռուսական հատվածի վրա ուկրաինական անօդաչու սարքերի հարձակումների պատճառով։

Լեհական PERN խողովակաշարային օպերատորի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ ընկերությունը պատրաստ է նավթ մատակարարել PCK-ի օտարերկրյա բաժնետերերի համար Գդանսկի նավահանգստով, եթե նման խնդրանք լինի։ Շվեդտի գործարանի սեփականատերերն են Rosneft, Shell և Eni ընկերությունները։