Հանրապետական Միթ Ռոմնին, որը պայքարում է ԱՄՆ նախագահ դառնալու համար, գործող նախագահ Բարաք Օբամային մեղադրել է թուլության մեջ, քանի որ վերջինս դեմ է Իրանին ռազմական հարված հասցնելուն: Նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում Միթ Ռոմնին Իրանի նկատմամբ ավելի կոշտ գործողություններ է խոստանում` այնտեղ միջուկային զենքի առկայությունը բացառելու համար:
«Եթե Իրանն այն ունենա, աշխարհը կփոխվի, Ամերիկան ռիսկի կենթարկվի, եւ մի օր էլ միջուկային զենքը գործի կդրվի: Եթե ես նախագահ դառնամ, դա տեղի չի ունենա: Եթե մենք վերստին ընտրենք Բարաք Օբամային, հենց այդպես էլ կլինի», -ասել է թեկնածուն` Արիզոնայում մրցակիցների հետ կայացած բանավեճի ընթացքում:
Մոտավորապես նման կարծիք ունի նաեւ սենատոր Ռիք Սանթորումը, որը հայտարարել է, որ երկար տարիների ընթացքում պնդել է Իրանում միջուկային զենքի ստեղծումը դադարեցնելու անհրաժեշտության մասին:
Ընտրապայքարի մյուս մասնակից կոնգրեսմեն Ռոն Փոլն, այնուամենայնիվ, նախազգուշացրել է զերծ մնալ շուտափույթ եզրակացություններից, վստահություն հայտնելով, որ Իրանը ոչ ոքի վրա հարձակվել չի կարող: Ըստ նրա` ԱՄՆ-ն այդ երկրի շրջակայքում 45 ռազմական կայաններ ունի` գումարած սուզանավերը: «Եթե ձեզ այդքան մտահոգում է միջուկային զենքը, ապա անհանգստացեք այն զենքի համար, որը մնացել է Խորհրդային Միությունից հետո: Այն նախկինի պես գոյություն ունի», - եզրափակել է Փոլը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածուների հերթական` 26-րդ նախընտրական բանավեճը տեղի է ունեցել փետրվարի 22-ի երեկոյան` Մեսա քաղաքում (Արիզոնա նահանգ): Նրանում մասնակցել են այս մրցապայքարի առաջատարներ Փենսիլվանիա նահանգի նախկին սենատոր Ռիք Սանթորումը եւ Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչը եւ ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ռոն Փոլը:




























