Մոսկվայի Գագարինյան շրջանային դատարանում սկսվել է «Ռոսնանո»-ի երեք նախկին թոփ-մենեջերների քրեական գործով դատավարությունը, հայտնում է «Коммерсантъ»-ը։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ։
Դատարանի առջև են կանգնել «Ռոսնանո» կառավարող ընկերության ղեկավարի նախկին տեղակալ-գործադիր տնօրեն Բորիս Պոդոլսկին, ֆինանսների գծով կառավարող տնօրեն Արթուր Գալստյանը և հաշվառման մեթոդաբանության, հարկման ու հաշվետվության գծով տնօրեն Մարինա Կասենկովան։
Քննության վարկածով՝ մեղադրյալները հաշվետվական փաստաթղթերում կորպորացիայի՝ բանկերին ունեցած պարտքերը ներկայացրել են որպես ակտիվներ։ Արդյունքում առաջացած ֆինանսական ճեղքերը փակելու համար պետական բյուջեից անհրաժեշտ է եղել ծախսել 43 միլիարդ ռուբլի։ Նախկին կառավարիչներից որևէ մեկը մեղքը չի ընդունում։
Մեղադրյալները ձերբակալվել են 2025 թվականի հունվարի 30-ին և կալանավորվել մայրաքաղաքի Մեշչանսկի դատարանի որոշմամբ։
Նիստի սկզբում պետական մեղադրողը միջնորդություն է ներկայացրել կալանքի ժամկետը ևս կես տարով երկարաձգելու մասին՝ նշելով, որ գործում ինքնությունը «չպարզված անձ կա»։
Պաշտպանական կողմը առարկել է միջնորդությանը՝ դատարանին խնդրելով ավելի մեղմ խափանման միջոց ընտրել։ Պաշտպանները փաստարկել են այն հանգամանքով, որ նախաքննությունն ավարտված է, ապացույցները հավաքված են, և մեղադրյալները մտադիր չեն ճնշում գործադրել վկաների վրա։ Բացի դրանից, նշվել է, որ բոլոր մեղադրյալները խնամքի երեխաներ ունեն, իսկ Գալստյանի և Կասենկովայի դեպքում՝ նաև հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Նրանք հավելել են նաև, որ մեղադրողի նշած « ինքնությունը չպարզված անձն» իրականում բոլորին հայտնի է, սակայն նրա անունը պարզապես չի տրվում։





























