Իտալիան Հռոմում Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ, երբ ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը վիրավորանքների տարափ է տեղացել երկրի վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին։ Դրա մասին երեքշաբթի հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին, հայտնում է Ֆրանսպրես գործակալությունը։
Ըստ իտալական լրատվամիջոցների՝ հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը ռուսական հեռուստատեսության եթերում իտալերենով Մելոնիին անվանել է «մարդկային ցեղի խայտառակություն», «վայրի գազան», «կատարյալ ապուշ» և «զզվելի փոքրիկ կին»։ Այնուհետև, անցնելով ռուսերենի, նա ասել է. «Այդ Մելոնին ֆաշիստական արարած է, որը դավաճանել է իր ընտրողներին»՝ հավելելով, որ «նա նույնիսկ դավաճանել է (ԱՄՆ նախագահ Դոնալդ) Թրամփին»։
Տայանին X սոցիալական ցանցում գրել է, որ ինքը Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Պարամոնովին կանչել է Արտաքին գործերի նախարարություն՝ պաշտոնական բողոք հայտնելու վարչապետ Ջորջիա Մելոնիի հասցեին հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի՝ ռուսական հեռուստատեսությամբ հնչեցրած «չափազանց լուրջ և վիրավորական արտահայտությունների» կապակցությամբ։
Ռուսաստանցի հեռուստահաղորդավարի հայտարարությունները դատապարտել են նույնիսկ Իտալիայի ընդդիմադիր կուսակցությունները։





























