Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակը ոչ թե հեռավոր մի իրադարձություն է, այլ դաժան իրականություն, որն ուղղակիորեն ազդում է Հնդկաստանի անվտանգության և տնտեսական կայունության վրա։

«Հնդկաստանի նման զարգացող երկրի համար, որն էներգակիրների հարցում մեծապես կախված է Արևմտյան Ասիայից, Հորմուզի նեղուցում տեղի ունեցող ցանկացած խափանում սոսկ հեռավոր միջադեպ չէ։ Սա դաժան իրականություն է, որն անմիջական հետևանքներ ունի մեր անվտանգության ու տնտեսության կայունության համար»,- նշել է նախարարը։

Սինգհը նշել է, որ Հնդկաստանը համակարգված մոտեցում է ցուցաբերում Արևմտյան Ասիայում ստեղծված ճգնաժամի հետևանքները մեղմելու հարցում։

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի էներգետիկ անվտանգությունը, հումքի հասանելիությունն ու արդյունաբերական կայունությունը մնան կայուն վիճակում։ Սա վկայում է այն մասին, որ Հնդկաստանը կարող է համաշխարհային ճգնաժամերին արձագանքել հանգիստ ու հեռատես ձևով»,- ասել է նա։