Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին և Ռուսաստանի ու Իրանի հետ վիզային ռեժիմի հնարավոր ներդրումը զգալիորեն կկրճատեն զբոսաշրջիկների հոսքը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, փոխանցում է TASS-ը։

«Հաշվի առնելով, որ զբոսաշրջությունը ապահովում է Հայաստանի ՀՆԱ-ի շուրջ 13,5%-ը, իսկ ոլորտում զբաղված է պաշտոնապես գրանցված աշխատուժի գրեթե մեկ քառորդը, ապա կարելի է ասել, որ սա ծանր հարված կհասցնի երկրի տնտեսությանն ու բնակչությանը»,- նշել է Շևցովը։

Շևցովը նշել է, որ հակառուսական պատժամիջոցներին սատարելը լրացուցիչ բացասական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա։

«Հատկապես կտուժի տրանսպորտային ոլորտը, քանի որ Հայաստանի բեռնաշրջանառության հիմնական մասը (ըստ ԵԱՏՄ տվյալների՝ մինչև 80%-ը) բաժին է ընկնում Ռուսաստանին։

Բացի այդ, ԵՄ-ին անդամակցությունը էապես կփոխի զբոսաշրջային և տարանցիկ ուղևորահոսքերը։ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի 2025 թվականի տվյալներով՝ զբոսաշրջիկների գրեթե կեսը ժամանում է Ռուսաստանից (41%) և Իրանից (8%), իսկ ռուսաստանցի զբոսաշրջիկներից ստացվող տարեկան եկամուտը հասնում է 1 միլիարդ դոլարի»,- նշել է նա։