Անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) զորատեսակը կարող է առանցքային դերակատարում ստանալ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական գործակցության հարցում։ Ապրիլի 22-ին կայացած «Մոսկվա-Երևան» տեսակոնֆերանսի ժամանակ նման տեսակետ է հայտնել ռուսաստանցի քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Արթուր Աթաևը։
Փորձագետն այսպես է արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանը, ըստ որի՝ Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ռազմատեխնիկական ոլորտում նախկինում հաստատված ծրագրերի իրագործումը։
Աթաևի համոզմամբ՝ այսօր երկու երկրներն էլ մեկը մյուսի ձեռքբերումների ու փորձը կարիքն ունեն։
«Սպառազինությունների համաշխարհային շուկան լուրջ փոփոխություններ է կրում։ Դեռ վերջերս քչերը կարող էին կանխատեսել, որ անօդաչու թռչող սարքերն այսքան մեծ ազդեցություն կունենան մարտական գործողությունների ընթացքի վրա։ Այսօր աշխարհում քիչ են այն երկրները, որոնք ունեն ԱԹՍ զորքերի գործունակ և միասնական հրամանատարություն, և Ռուսաստանն այդ եզակի երկրներից մեկն է»,- վստահեցրել է Աթաևը։
Քաղաքագետը համոզված է, որ Մոսկվան իր գործընկերներին, այդ թվում՝ Երևանին, առաջարկելու շատ բան ունի։ «Այսօր ԱԹՍ զորքերի զարգացման, փոքր ու մեծ անօդաչուների զանգվածային կիրառման հետևանքով նույնիսկ հակաօդային պաշտպանության համակարգերն են դառնում խոցելի։ ԱԹՍ-ների և արհեստական բանականության տեխնոլոգիաների ակտիվ օգտագործումն ուղղակի իմաստազրկում է կենդանի ուժի ունեցած առավելությունը»,- պարզաբանել է փորձագետը։
Արթուր Աթաևը կարծում է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը պետք է շարունակաբար զարգացնեն ու կատարելագործեն իրենց անօդաչու զորքերը։





























