Հունգարիայի ԵՄ հարցերով նախարար Յանոշ Բոկան հայտնել է, որ ապրիլի 22-ին վերսկսվել է «Դրուժբա» նավթամուղով իրականացվող նավթի տարանցումը։

Նախարարի կանխատեսմամբ՝ նավթը Հունգարիա կհասնի հենց այսօր կամ, ամենաուշը, ապրիլի 23-ի առավոտյան։

Բոկան ընդգծել է, որ «Դրուժբա» նավթամուղի անխափան աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի Հունգարիայի համար։ Այն հասանելիություն է ապահովում «էժան և հուսալի» էներգակիրներին, ինչը հատկապես կարևոր է Մերձավոր Արևելքի ճգնաժամով պայմանավորված գների աճի պայմաններում։ Միևնույն ժամանակ, նախարարը շեշտել է մատակարարումների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ այն համարելով երկրի էներգետիկ անվտանգության գլխավոր երաշխիքը։

Բացի այդ, նախարարն անդրադարձել է Ուկրաինային հատկացվելիք 90 միլիարդ եվրոյի վարկի շուրջ ստեղծված իրավիճակին՝ դրա արգելափակումն անվանելով «սեփական շահերի պաշտպանության գործիք»։ Ըստ նրա՝ «Ուկրաինայի նավթային շրջափակումը» վերացված է, իսկ տարանցման վերսկսումը նա համարել է հունգարական կողմի որդեգրած դիրքորոշման հաջողված արդյունքը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական կողմն ավարտել է նավթամուղի վերանորոգումը և պատրաստ է վերականգնել «Դրուժբա»-ով իրականացվող նավթի տարանցումը։