Չինաստանի կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում Կոնֆուցիոսի ինստիտուտների ցանցի զարգացմանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք կարելի է այդ ինստիտուտը դիտարկել իբրեւ այլ երկրների հետ համագործակցության զարգացման օրինակ:

ԵՊԼՀ-ի ռեկտորը հիշեցրել է, որ գրեթե ամբողջ աշխարհում գործում է Կոնֆուցիոսի ինստիտուտների ցանցը, որի նպատակը չինարենի եւ չինական մշակույթի տարածումն է օտարերկրյա պետություններում: Սուրեն Զոլյանը հայտնեց, որ Կոնֆուցիոսի ինստիտուտը Հայաստանում գործում է արդեն չորրորդ տարին, բայց ԵՊԼՀ-ում չինարենը դասավանդվում է արդեն ութ տարի:

 «Դրա հիման վրա որոշվեց կենտրոնացնել ջանքերը եւ հենց ԵՊԼՀ-ի հիմքի վրա ստեղծել Կոնֆուցիոսի ինստիտուտ», - նշեց Սուրեն Զոլյանը:

Կոնֆուցիոսի ինստիտուտների ցանցը միջազգային կրթամշակութային կենտրոնների ցանց է, որն ստեղծվում է Պետական գրասենյակի կողմից չինարենն արտասահմանում տարածելու համար: Բացի  «ինստիտուտներից» հիմնադրվում են Կոնֆուցիոսի «դասարաններ»:

Կոնֆուցիոսի առաջին ինստիտուտը բացվել է  2004թ. Սեուլում:  2010թ. վերջի դրությամբ աշխարհում գործում էր Կոնֆուցիոսի 322 ինստիտուտ եւ 369 դասարան` 96 երկրներում եւ տարածաշրջաններում: Մինչեւ 2020թ. նախատեսվում է Կոնֆուցիոսի ինստիտուտների թիվը հասցնել 1000-ի: Կոնֆուցիոսի ինստիտուտը Հայաստանում հիմնադրվել է 2009թ. փետրվարին: 2010թ. հոկտեմբերի 1-ից այստեղ գործում է նաեւ ուշուի խմբակ: