Հնդկաստանի կառավարությունը չի պլանավորում բարձրացնել վառելիքի գները։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտարարել է Հնդկաստանի նավթի և բնական գազի նախարարությունը։
«Տեղեկություններ են հայտնվել բենզինի և դիզելային վառելիքի գների հնարավոր բարձրացման մասին։ Սույնով պարզաբանում ենք, որ կառավարությունը նման որևէ որոշում չի դիտարկում։ Նմանատիպ լուրերը նպատակ ունեն վախ և խուճապ սերմանել քաղաքացիների շրջանում։ Դրանք սադրիչ բնույթ են կրում և մոլորեցնում են հանրությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ինչպես ընդգծել է գերատեսչությունը՝ «Հնդկաստանը միակ երկիրն է, որտեղ վերջին չորս տարիների ընթացքում բենզինի և դիզելային վառելիքի գները չեն բարձրացել»։ «Հնդկաստանի կառավարությունը և պետական նավթային ընկերությունները շարունակական ջանքեր են գործադրում՝ երկրի քաղաքացիներին միջազգային շուկայում գների կտրուկ աճից պաշտպանելու համար»,- հավելել են նախարարությունում։





























