Հաջորդ հինգ տարիների ընթացքում աշխարհում միլիարդատերերի թիվը կարող է մոտենալ 4 հազարի, եւ սա, վերլուծաբանների կարծիքով, կլինի արագ աճող համաշխարհային անհավասարության եւս մեկ նշան: Այս եզրակացությանն է հանգել Knight Frank-ի նոր հետազոտրությունը, որը հրապարակել է The Guardian-ը։
Ներկայում աշխարհում կա ավելի քան 3 հազար միլիարդատեր, նրանց համակցված հարստությունը շարունակում է աճել ռեկորդային տեմպերով: Նոր «գերհարուստների բումի» հիմնական շարժիչ ուժերը տեխնոլոգիական ոլորտն ու արհեստական բանականությունն են, որոնք ստեղծում են հսկայական կարողություններ շատ ավելի արագ, քան նախկինում։
Կանխատեսվում է, որ գերհարուստ անհատների թիվը հատկապես արագ կաճի Ասիայում եւ Մերձավոր Արեւելքում: Օրինակ՝ Սաուդյան Արաբիայում միլիարդատերերի թիվը կարող է գրեթե եռապատկվել: Միեւնույն ժամանակ, փորձագետները նշել են, որ հարուստների եւ աղքատների միջեւ եղած բացը շարունակում է մեծանալ։
World Inequality Report-ի համաձայն՝ աշխարհի ամենահարուստ մարդկանցից 60 հազարից պակասը երեք անգամ ավելի հարստություն է վերահսկում, քան մարդկության կեսը: Oxfam-ը միլիարդատերերի համակցված հարստությունը գնահատում է 18.3 տրիլիոն դոլար՝ բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշը։
Այս ֆոնին ավելի ու ավելի են լսվում գերհարուստների հարկերի բարձրացման կոչերը: Նույնիսկ որոշ միլիոնատերեր եւ միլիարդատերեր են աջակցում նման գաղափարներին: Հունվարին աշխարհի գրեթե 400 ամենահարուստ մարդիկ ստորագրել են բաց նամակ՝ պահանջելով մեծացնել խոշոր կարողությունների հարկումը, պնդելով, որ հարստության չափից ավելի կենտրոնացումը սպառնում է ժողովրդավարությանը եւ քաղաքական կայունությանը։
Հետազոտության հեղինակները զգուշացնում են, որ եթե ներկա միտումը շարունակվի, համաշխարհային տնտեսությունն ավելի ու ավելի կախված կդառնա գերհարուստ անհատների փոքր խմբից, որոնց ազդեցությունը տարածվում է ոչ միայն բիզնեսի, այլեւ քաղաքականության, լրատվամիջոցների եւ տեխնոլոգիական զարգացման վրա:



























