ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը նշել է, որ երկկողմ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունների համատեքստում Հնդկաստանը նման է «պինդ ընկույզի»։ Այդ բանակցությունների հերթական փուլն ավարտվել է ապրիլի 22-ին՝ Վաշինգտոնում։

«Հնդկաստանը պինդ ընկույզ է։ Նրանք շատ երկար ժամանակ պաշտպանել են իրենց գյուղատնտեսական շուկաները։ Պատրաստվող գործարքի շրջանակներում նրանք ցանկանում են այդ հատվածի վերաբրեյալ հնարավորինս շատ բան պաշտպանել։ Բայց կան ոլորտներ, որոնց շուրջ, կարծում եմ, մենք կկարողանանք փոխադարձ համաձայնության գալ»,- մեջբերում է PTI գործակալությունը նրա խոսքերը, որոնք հնչել են ԱՄՆ Կոնգրեսի լսումների ժամանակ։

Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները հայտնել էին Հնդկաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունների միջև բանակցություններում առաջընթացի մասին։ Նախքան համաձայնագրի կնքումը՝ կողմերը հիմնական ուշադրությունը դարձնում են տարաձայնությունների վերացմանը։ Հնդկաստանը ձգտում է իր ապրանքների համար ընդլայնված մուտք ստանալ դեպի ամերիկյան շուկա, ինչպես նաև պաշտպանել գյուղատնտեսությունը ամերիկյան արտադրանքի ներմուծումից (ներառյալ ԳՄՕ եգիպտացորենը)։

Լիամասշտաբ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները վարվում են 2025 թվականի փետրվարից։ Փաստաթուղթը նախատեսում է մինչև 2030 թվականը երկկողմ առևտրի ծավալները հասցնել 500 միլիարդ դոլարի։

Բանակցությունների ֆոնին ԱՄՆ-ն նախկինում սահմանել և վերանայել էր Հնդկաստանի դեմ սակագնային միջոցները։ Աղբյուրների տվյալներով՝ ներկայումս կողմերն ավարտել են համաձայնագրի առաջին մասի աշխատանքները, որը նախատեսվում էր ձևակերպել որպես իրավաբանական փաստաթուղթ։