Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ իր բանակցությունների ժամանակ «Դոննիլենդ» տերմինը չի օգտագործվել։ Այս մասին նա ասել է՝ ի պատասխան The Guardian-ի հարցին։

Ավելի վաղ The New York Times-ը տեղեկացրել էր, թե Ուկրաինան իբր քննարկել է Դոնբասը (Դոնալդ Թրամփի պատվին) «Դոննիլենդ» վերանվանելու գաղափարը։ Ըստ պարբերականի՝ այդ առաջարկն սկզբում հնչել է որպես կատակ, իսկ հետո հնարավոր է՝ բանակցությունների համատեքստում դիտարկվել է որպես Վաշինգտոնի դիրքորոշման վրա ազդելու միջոց։

Զելենսկին հերքել է սա՝ շեշտելով, որ բանակցությունների ընթացքում կիրառվել են բացառապես տարածքների պաշտոնական անվանումները՝ Դոնեցկի և Լուգանսկի մարզեր, Դոնբաս կամ Ուկրաինայի տարածք։

«Կարևորն այն է, որ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը մնան ուկրաինական տարածքում։ Եվ որպեսզի «Պուտինլենդ» չլինի. սա է, իմ կարծիքով, ամենակարևորը»,- հավելել է նա։

Միևնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվում էր ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև առկա տարաձայնությունների մասին՝ կապված խաղաղության նախաձեռնությունների շրջանակում Դոնբասի հնարավոր ապագայի հետ։ Մասնավորապես, քննարկվել են տարածքի ապառազմականացման կամ դրա կարգավիճակի վերաբերյալ տարբերակները։ ԱՄՆ-ն և Ուկրաինան պաշտոնապես տարբեր կերպ են մեկնաբանել այս մոտեցումները։