Եվրոպական միությունում ակտիվորեն քննարկվում է Եվրոպական անվտանգության խորհուրդ ստեղծելու գաղափարը։ Դա իրականացվում է ԵՄ գագաթնաժողովների արդյունավետության վերաբերյալ աճող քննադատությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է Politico-ն։

Ըստ պարբերականի տվյալների՝ նոր կառույցի ստեղծումը դիտարկվում է այնպիսի նախաձեռնությունների համատեքստում, ինչպիսիք են արտաքին քաղաքական որոշումների կայացման հարցում վետոյի իրավունքից հրաժարվելը և Եվրահանձնաժողովի լիազորությունների ընդլայնումը։ Ենթադրվում է, որ Եվրոպական անվտանգության խորհուրդը կլինի բարձր մակարդակի մարմին, որն օժտված կլինի պաշտպանության և ճգնաժամային արձագանքման ոլորտներում օպերատիվ որոշումներ կայացնելու լիազորությամբ։

Քննարկումների պատճառ են հանդիսացել Եվրոպական խորհրդի գործող մեխանիզմի բարդությունները, որտեղ 27 երկրների առաջնորդները հաճախ հսկայական ժամանակ են ծախսում անգամ երկրորդական հարցերի համաձայնեցման վրա: Հրապարակման մեջ նշվում է, որ վերջին որոշ գագաթնաժողովների ժամանակ քննարկումները ձգձգվել են ժամերով, չնայած օրակարգում առկա ավելի հրատապ միջազգային ճգնաժամերին։ 

Ըստ Politico-ի՝ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն ավելի վաղ կոչ էր արել ԵՄ-ին վերանայել իր անվտանգության ճարտարապետությունը:

Թերթը նաև նշում է, որ ի սկզբանե ԵՄ-ն ստեղծվել է որպես տնտեսական միություն, իսկ անվտանգության հարցերը մեծապես կախված են եղել ԱՄՆ-ից, սակայն ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը կասկածի տակ է դնում այդ մոդելը: