ԱՄՆ-ը շարունակում է զգալի ռազմական ու տնտեսական, ինչպես նաև քաղաքական աջակցություն ցուցաբերել Թուրքիային։ Այս մասին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր. ճանաչում, արդարություն, կանխարգելում՝ 1915-ից մինչև Արցախում էթնիկ զտումներ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է ցեղասպանագետ, Worcester State University-ի պրոռեկտոր Հենրի Թերիոն։
Ըստ նրա՝ եթե Վաշինգտոնի արտաքին քաղաքականությունը փոխվի, և ԱՄՆ-ը Թուրքիայի առջև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պայման դնի, ապա Անկարան մեծ ընտրություն չի ունենա և ստիպված կլինի դադարեցնել Հայաստանի նկատմամբ իրականացվող ագրեսիան։
«Նույնը վերաբերում է Եվրոպային. եթե եվրոպական երկրների ու ԵՄ քաղաքականությունը համապատասխանի նրանց խոսքերին և եթե նրանք արդարություն պահանջեն, ապա Թուրքիան մեծ ընտրություն չի ունենա։ Աշխարհը պետք է հանդես գա արդարության դիրքերից։ Այսօր Թուրքիան և Ադրբեջանն անարդար առավելություն ունեն, քանի որ չեն բախվում իրենց գործողությունների հետևանքներին»,- ընդգծել է փորձագետը։





























