Ռուսաստանը կպաշտպանի իր ազգային շահերը Արկտիկայում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է РИА Новости-ն:

«Մենք անպայմանորեն կպաշտպանենք և, անկասկած, կպաշտպանենք մեր ազգային շահերը Արկտիկայում»,- Ռուսաստանի կառավարության անդամների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է Պուտինը:

Նախագահի համոզմամբ՝ Տրանսարկտիկական տրանսպորտային միջանցքի նշանակությունն ակնհայտ է համաշխարհային տրանսպորտային շղթաների խափանումների պայմաններում:

«Հյուսիսային տրանսարկտիկական երթուղու՝ որպես առավել անվտանգ, հուսալի և արդյունավետ ուղու նշանակությունը գնալով ավելի ակնհայտ է դառնում համաշխարհային տրանսպորտային շղթաների խափանումների ֆոնին, որոնք պայմանավորված են բազմաթիվ հակամարտություններով, դրանց թվում, ինչպես հիմա տեսնում ենք, Մերձավոր Արևելքում»,- ասել է Պուտինը:

Ըստ ՌԴ նախագահի՝ կարևոր է, որ Արկտիկայի զարգացման ուղղությամբ պետական կառույցների և գերատեսչությունների ջանքերը լինեն համակարգված:

«Պետխորհրդի պրոֆիլային հանձնաժողովը, ծովային կոլեգիան, «Ռոսատոմ» պետական կորպորացիան, մեր առաջատար զարգացման ինստիտուտը՝ ՎԷԲ-ը, և այլ կառույցներ: Շատ կարևոր է, որ նրանց ջանքերը հստակ համակարգված լինեն ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում: Իսկ Արկտիկայում նախանշված ծրագրերն ու ներդրումային նախագծերը լինեն փոխկապակցված»,- հավելել է Պուտինը: