Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն պաշտոնական այցեր է սկսել Ֆրանսիայի քաղաքների հետ քույրացած Հայաստանի քաղաքներ, իր այցն սկսելով Էջմիածնից: Էջմիածինը Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքի հետ բարեկամության պայմանագիր կնքել է դեռեւս 1989 թվականից:
Դեսպան Անրի Ռենոն Էջմիածնի քաղաքապետի հետ շրջել է քաղաքի տեսարժան վայրերով: Լինելով Էջմիածնի պատմազգագրական թանգարանում` նա հիացմունք է արտահայտել քաղաքի վերաբերյալ եւ շնորհակալություն ջերմ ընդունելության համար:
Դեսպանը նշել է, որ Էջմիածինը Հայաստանի գեղեցկագույն մայրաքաղաքներից մեկն է: Կարեւորվել է նաեւ փաստը, որ այստեղ է նաեւ Մայր Աթոռը:
Էջմիածնի եւ Իսի Լե Մուլինոյի համագործակցության շնորհիվ Էջմիածնում բազում ծրագրեր են իրականացվել Ֆրանսիայի հովանավորությամբ: Ֆրանսիայի դեսպանը եղել է նաեւ բոլոր այն տարածքներում, որտեղ երկու քաղաքների համատեղ ուժերով իրականացվել են բազում ծրագրեր: Այս երկու քաղաքների քաղաքապետարանների համաձայնությամբ եւ ֆինանասվորմամբ է գործում հայ-ֆրանսիական ֆրանսախոսների մշակութային` SPFA կենտրոնը: Ակումբը գործում է արդեն 6 տարի եւ այստեղ բոլորովին անվճար ուսանում են 36 աշակերտ: Այս համագործակցության շնորհիվ հաճախ փորձի փոխանակում է լինում, որի արդյունքում Հայաստանից Ֆրանսիա եւ Ֆրանսիայից Հայաստան են այցելում աշակերտները, ժամանակավոր բնակություն հաստատելով այդ ակումբների աշակերտների ընտանիքներում: Էջմիածնում Իսի լե Մուլինոյի հետ բարեկամության մեծ ձեռքբերումներից է նաեւ թիվ 16 նախակրթարանի տանիքի եւ խմբասենյակների վերանորոգումը: Երկու քաղաքների համատեղ ֆինանսավորման արդյունքում նախակրթարանն այսօր արդեն նորովի կդիմավորի իր սաներին:
Ֆրանսիայի հետ համագործակցության շնորհիվ է նաեւ Էջմիածնում 2007 թվականից գործում «Բարձունք 5165» ֆրանսահայ բարեգործական ատամնաբուժարանը, որտեղ Էջմիածին քաղաքի եւ հարակից գյուղերի համայնքների սոցիալապես անապահովների, զոհված ազատամարտիկների, վետերանների, միակողմանի ծնողազուրկ ընտանիքների երեխաների եւ այլ ընտանիքների անդամները ստանում են անվճար բուժօգնություն: Այստեղ 6-16 տարեկան լեզվի արատ ունեցող երեխաները եւս անվճար օգտվում են թե ստամատոլոգի եւ թե լոգոպետի ծառայությունից:
Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առեւտրի զարգացման համար եւս քայլեր են ձեռնարկվում. ընդամենը 2 օր առաջ Ֆրանսիայի կառավարությունում Հայաստանի հետ առեւտրական կապերն աշխուժացնելու միջոցառումների համալիր ծրագիր է ընդունվել:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ Էջմիածնի դպրոցներում արդեն աշխատանքներ են տարվում ֆրանսերենի ուսուցման լինգոֆոնային դասասենյակ ստեղծելու համար, որպեսզի ուսուցումը առավել հեշտ եւ դյուրին լինի:




























