Տարեվերջին Հունաստանը այլեւս չի լինի եվրոգոտում ամենաբարձր պետական ​​պարտք ունեցող երկիրը՝ զիջելով Իտալիային։ Այս մասին հաղորդել է Reuters-ը՝ հղում կատարելով Իտալիայի բյուջետային ծրագրերի աղբյուրներին եւ տվյալներին։

Հունաստանի պետական ​​պարտքը, ըստ կանխատեսումների, կնվազի մինչեւ ՀՆԱ մոտ 137 տոկոսը՝ 2025թ․ 145 տոկոսի համեմատ։ Միեւնույն ժամանակ, Իտալիայի բազմամյա բյուջետային ծրագիրը կանխատեսում է, որ պարտքը կշարունակի աճել՝ 2025թ․ ՀՆԱ 137.1 տոկոսից հասնելով 2026թ․ 138.6 տոկոսի։

Սա Իտալիան կդարձնի եվրոգոտում ամենաբարձր պետական ​​պարտք ունեցող երկիրը։

Հույն պաշտոնյաները նշել են, որ պարտքի կրճատումը վերջին տարիներին իրականացված կայուն տնտեսական վերականգնման եւ հարկաբյուջետային քաղաքականության արդյունք է։ 2020-ից ի վեր Հունաստանի պարտքը նվազել է ավելի քան 45 տոկոսային կետով։

Սակայն Իտալիայում, ըստ բյուջեի ծրագրի, պարտքը կմնա բարձր եւ կնվազի միայն աննշան չափով 2027-ից հետո։

Ավելի վաղ նաեւ հաղորդվել էր, որ Իտալիան բախվում է տնտեսական սահմանափակումների, որոնք կարող են դժվարացնել պաշտպանական ծախսերի ավելացումը եւ ԵՄ որոշ բյուջետային ծրագրերի կատարումը։