Երկար ժամանակ շատերը կարծում էին և ես էլ հոգու խորքում մտածում էի, որ դե չի կարող պատահել, որ այս աստիճանի դավաճանական, կոլաբորանտ իշխանություն ունենաս, որովհետև գենետիկորեն հայը չի կարող էս տեսակ ատելություն ունենա հայկական ամեն ինչի նկատմամբ, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց «Նժար» կուսակցության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը։
«Սրանք ծրագրավորված, հետևողական, նպատակային արվող գործողություններ են, իրավունքներից հրաժարվելու ճանապարհով գնալու գործողություններ են և ցավոք սրտի մտածված ծրագրավորված է, ու սա է, որ պետք է կասեցնել»,–ասաց նա։
Հարցին՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը պե՞տք է լինի երկրի թիվ մեկ առաջնահերթությունը արտաքին քաղաքականության շրջանակներում, նա պատասխանեց. «Բոլոր իրավիճակներում պետությունը պիտի հաշվարկ Անի, թե որ գործիքակազմով կարող է առաջ տանել իր կարևորագույն խնդիրները։ Կան ատյաններ, որտեղ դու կարող ես ներկայացված լինել բացառապես միայն որպես պետություն։ Կան ատյաններ, որտեղ կարող ես ներկայացված լինել որպես կրոնական փոքրամասնություն ինչ-որ տարածքների։ Այսինքն, դու տարբեր ձևաչափերով կարող ես ներկայացված լինել և ամբողջ տրամաբանությունը նրա մեջ է, որ դու պարտավոր ես ուղղակի օգտագործել ամբողջ գործիքակազմը, քո պետությունը, քո պետականությունը, քո ժողովուրդը, ժողովրդին, քո անվտանգությունը, քո մի քանի հազար տարվա պատմությունը, ստեղծված արժեքները պահպանելու հարցում։
Այսինքն, միայն ֆիքսվել նրա վրա, որ կա օրվա իշխանություն ու մենակ ինքն է այդ բոլոր գործառույթները իրականացնում, դա հիմարություն է»։





























