Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Անմար կրակի մոտ ծաղիկների խոնարհման արարողությունից հետո Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հակիրճ մեկնաբանել է Ցեղասպանության ճանաչման հարցը։

Այն հարցին, թե կգա՞ արդյոք մի օր, երբ Թուրքիան կճանաչի Ցեղասպանությունը, Սերժ Սարգսյանը հակիրճ պատասխանել է՝ «միանշանակ»։

Իսկ ի՞նչ են արել ՀՀ իշխանություններն անցած 8 տարիների ընթացքում Ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ «Ընդհակառակը, նրանք ամեն ինչ արել են, որպեսզի նման բան տեղի չունենա»,- նշել է նախկին նախագահը՝ հավելելով, որ իշխանափոխությունից հետո այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն։

Այն դիտարկմանը՝ արդյոք Լեռնային Ղարաբաղի բռնազավթումը թուրքական ցեղասպան քաղաքականության հետևանքն էր, Սարգսյանը նկատել է, որ, անկասկած, մեկը մյուսի շարունակությունն է։