Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին ուրբաթ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփից որևէ լուր չի ստացել այն բանից հետո, երբ նրանք վիճել էին նախորդ շաբաթ Իրանի պատերազմի վերաբերյալ Հռոմի պապ Լևոն XIV-ի հասցեին Թրամփի քննադատությունը Մելոնիի կողմից դատապարտելու պատճառով։ Այդուհանդերձ, նա նշել է, որ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ մնում են ամուր, հայտնում է Ansa-ն։

«Թրամփից ոչինչ չեմ լսել, բայց հարաբերությունները ԱՄՆ-ի հետ նախկինի պես ամուր են»,- լրագրողներին է ասել Մելոնին Կիպրոսում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:

Անդրադառնալով պաշտպանական ծախսերի թեմային, որոնք Իտալիան, ինչպես ՆԱՏՕ-ի մյուս անդամները, ավելացնում է Թրամփի պահանջով՝ Մելոնին պարզաբանել է. «Ես չեմ ասել, թե ռազմական ծախսերն առաջնահերթություն չեն, ես ասել եմ, որ այսօր մենք ունենք շատ կարևոր առաջնահերթություններ։ Պաշտպանական ծախսերը մնում են կարևոր, բայց եթե ունենք էներգետիկ խնդիր, հասկանում եք, որ կա առաջնահերթություն, որը, դժբախտաբար, առաջին տեղում է։ Մենք պետք է մեր դիրքորոշումները հարմարեցնենք փոփոխվող համատեքստին»։

Մեկնաբանելով Մերձավոր Արևելքի թեման՝ Իտալիայի վարչապետն ընդգծել է իսրայելա-լիբանանյան սահմանին միջազգային ներկայության պահպանման կարևորությունը։ Նա նշել է, որ Իտալիան կարող է փոխել իրավիճակը դեպի լավը՝ մասնակցելով Միավորված ազգերի կազմակերպության խաղաղապահ առաքելությանը, և այդ մասին խոսել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ։

Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «Մեծ քսանյակի» (G20) հանդիպմանը կրկին թույլատրելու հարցին՝ Մելոնին ասել է, որ հիմա նրան ընդառաջ քայլեր անելու ժամանակը չէ։

«Կարծում եմ՝ սա այն պահն է, երբ մենք ենք նրանից քայլեր պահանջում, և ոչ թե մենք պետք է անենք դա նրա հանդեպ։ Կարծում եմ՝ ժամանակն է դա պահանջել Ռուսաստանից»,- ասել է Մելոնին։