Թեհրանի 10-րդ շրջանի քաղաքապետ Մահդի Աքհոսանայեն հայտնել է, որ շուտով կսկսի գործել մայրաքաղաքում առաջին կայանատեղին, որը երկակի նշանակություն կունենա՝ տեղ կապահովի ավտոմեքենաների համար սովորական պայմաններում եւ կկարողանա հազարավոր մարդկանց տեղավորել ճգնաժամային իրավիճակներում, տեղեկացրել է Tasnim-ը։

Մահդի Աքհոսանայեն հայտնել է, որ շուտով մեգապոլիսում կբացվի առաջին թաքստոց-կայանատեղին՝ նշելով, որ «Էտամեդ» կայանատեղիի նախագիծը մշակվել է որպես բազմանպատակ շինություն, որը կարող է սպասարկել ինչպես ամենօրյա, այնպես էլ ծայրահեղ կարիքների դեպքում։

Նրա խոսքով՝  մոտ 2 600 քառակուսի մետր մակերես ունեցող շենքը՝ չորս ստորգետնյա մակարդակներով, հաշվարկված է 275 կայանատեղիի համար։ Նա ավելացրել է, որ սովորական պայմաններում համալիրը կգործի որպես ավտոկայանատեղի, բայց ճգնաժամի ժամանակ այնտեղ կարող է տեղավորվել մի քանի հազար մարդ։

Քաղաքապետը նաեւ նշել է, որ քաղաքապետարանի օրակարգում է երկու լրացուցիչ կայանատեղիների կառուցումը նման հնարավորություններով՝ նշելով, որ այդ համալիրները եւս կծառայեն որպես կայանատեղիներ սովորական պայմաններում եւ կվերափոխվեն ապաստարանների արտակարգ իրավիճակներում, ինչպիսին է պատերազմը։